Վայանը, հիսաթափվելով մոդեռնիզմից («Սյուրռեալիզմն ընդդեմ հեղափոխության», 1948 թ., էսսե), ռեալիզմի մեջ հնարավորություններ է գտել նուրբ հոգեբանական վերլուծության («Հարվածներ թիկունքին», 1948 թ., վեպ), 20-րդ դարում զավակի գաղափարների և արարքների պատմութ հիմնավորման («Միայնակ երիտասարդը», 1951 թ., վեպ), ռազմամոլների նկատմամբ դատավճիռ կայացնելու («Գնդապետ Ֆոստերը իրեն հանցագործ է ճանաչում», 1951 թ., պիես) և միլիոնավոր ընչազուրկ գյուղացիներին (ֆելլահ) իր համակրանքն արտահայտելու համար («Ինչ տեսա Եգիպտոսում», 1952 թ., հայկական հրատարակչությունում 1954 թ., ակնարկներ)։ 1953 թվականին Վայանը այցելել է ԽՍՀՄ։ «Բոմասկ» (1954 թ.) վեպում խորաթափանցորեն քննության է առել ֆրանսական հասարակության բոլոր դասակարգերը՝ առաջին պլանի վրա դնելով պրոլետարական համերաշխությունն ու հերոսների մարդկային վեհությունը։ Հոգեկան ճգնաժամ ապրելով, պատմական լավատեսությունը կորցնելով՝ Վայան հետագա գործերում սահմանափակվել է անհատապաշտական կրքերի («Օրենք», 1957 թ., «Տոն», 1960 թ.) և հոգեբանական կազուսների («Կարմրախայտ», 1964 թ.) նատուրալիստական անատոմիայով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 256)։